fbyoutube
Armenian

Սուտասելուկներ


Ով որ ասի պոչով սուտ,
Նրան կտամ սեխի ճութ
Եվ աքլորի չաղլիկ ճուտ:
***
Մի լեզվանի ձկնիկ տեսա ծովի մեջ,
Ամբողջ օրը կռվի մեջ էր, վեճի մեջ:
***
Բալի ծառը արեգակին է հասնում,
Դրա համար բոլորից շուտ է հասնում:
***
Քարերի մեջ ցանեցի
Մի քիչ գարի ու կորեկ,
Ու աշնանը քաղեցի
Ձմերուկի առատ բերք:
Կատուն սայլին լծեցի
Ու բերքս տուն բերեցի:
Ողջ ձմեռը կուշտ կերանք,
Ա'յ քեզ հրաշք վարուցանք:
***
Ես մի անգամ Սևանում
Տեսա հսկա կապույտ կետ,
Երգում էր ու լողանում,
Խաղում էր մեծ նավի հետ:
Վերջն էլ նավին կուլ տվեց.
Իջավ ջրի հատակ,
Ես ոչինչ չեմ հնարել,
Սա ո'չ սուտ է, ո'չ կատակ: 
***
Մի օր կանաչ բացատում
Նապաստակն էր թռչկոտում,
Եղջյուրները իր սրեց
Ու ինձ վրա հարձակվեց:
Ես ուշաթափ ցած ընկա,
Մռնչոցից կատաղի,
Չե՞ք հավատում, հարցրեք,
Որսորդներին մեր թաղի:
***
Փաթիլները իջան ներքև,
Մալանչ-մալանչ,
Ես վերցրի, տարա դրի
Տատիս առաջ:
Տատս մանեց,
Գուլպա գործեց,
Գործեց ձեռնոց.
Հագցրեց ինձ,
Տաքուկ-տաքուկ
Ճամփեց դպրոց:  

Comments:

Armenian